Եթե Նիկոլի եւ Ալիեւի «սիրավեպը, ռուսի ասած, «игру в четыре руки»-ն չկասեցնենք, որը նրանք խաղում են մեր ազգային արժանապատվության հաշվին, կշարունակենք կոնկրետ մարդկային եւ տարածքային կորուստներ ունենալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հայտարարեց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ինչպես խոստացել էի, ուզում եմ ձեզ հետ զրուցել մի շատ կարեւոր թեմայի շուրջ, որը վերաբերում է Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթին։ Կան մի շարք կարեւոր խնդիրներ, որոնց, ցավոք, հայկական կողմը, ինչպես եւ սպասվում էր, որեւէ կերպ չանդրադարձավ։ Մենք չունենք պետություն, չունենք մեր պետական ​​ազգային օրակարգով զբաղվող պետական ​​այրեր, չունենք վարչապետ, չունենք արտգործնախարար, չունենք Անվտանգության խորհրդի քարտուղար, չունենք խորհրդարանական դիվանագիտություն: Մենք ոչինչ չունենք, քանի որ մեզ ներկայացնող մարդիկ ոչնչություն են»,- ասաց քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ երեկ մենք այդպես էլ ականատես չեղանք պետության որեւէ արձագանքի Ադրբեջանի նախագահի մի շարք սադրիչ, մանիպուլյատիվ, կեղծ թեզերին, որոնք միջազգային լրահոս էին նետվել:

«Սակայն այս թեզերը չի կարելի անպատասխան թողնել, քանի որ, ցավոք, այո, հայ ժողովուրդն այսօր երկու ճակատով է կռիվ տալիս։ Մի ճակատը դրսի ճակատն է, որտեղ մեզ փորձում են ճնշել, փորձում են մեզ ոչնչացնել, նսեմացնել, եւ ներքին ճակատը, որտեղ օկուպացիոն ռեժիմն ամեն ինչ անում է հնարավորինս արագ, էժան, լիկվիդացիոն գներով վաճառի Հայաստանի քաղաքացիների վերջին արժանապատվությունը, վաճառելու համար Արցախից մնացած տարածքները, բոլորիս վճառելու համար: Մենք այնպիսի ռեժիմ ունենք, որը երկրի ներսում առյուծ է ձեւանում, բիրտ ոստիկանական ուժ է կիրառում, անօրինական ձերբակալություններ է իրականացնում, կանխում է ժողովրդական ընդվզումը, իսկ դրսում փիսո են դառնում ու սուսիկ-փուսիկ մեզ քաղաքական սպանդի են տանում»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ եթե Նիկոլի եւ Ալիեւի «սիրավեպը, ռուսի ասած, «игру в четыре руки»-ն չկասեցնենք, որը նրանք խաղում են մեր ազգային արժանապատվության հաշվին, կշարունակենք կոնկրետ մարդկային եւ տարածքային կորուստներ ունենալ։

Նա շատ հետաքրքրական անվանեց համաժողովը, որի ժամանակ ելույթ է ունեցել Ալիեւը։ Քաղաքական գործչի խոսքով՝ համաժողովը կազմակերպվել է Ադրբեջանի «նավթային, խավիարային» միջոցներով եւ անցկացվել է Բաքու հրավիրված «տարբեր տրամաչափի եւ տարբեր գործունեությամբ զբաղվող» մի քանի օտարերկրացիների մասնակցությամբ։

«Այսինքն՝ մինչ մենք փորձում ենք ազատվել Նիկոլից, ադրբեջանցիները քրտնաջան աշխատում են, ամրապնդում են իրենց դիրքերը, միջոցառումներ են կազմակերպում միջազգային հանրության համար»,- ասաց նա: