Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է Anadolu-ն։

Զրույցի ընթացքում, որտեղ քննարկվել են ուկրաինական պատերազմի շուրջ իրադարձությունները, գլխավոր քարտուղար Գուտերեշը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում եւ Կիեւում իր բանակցությունների մասին, ասվում է Թուրքիայի նախագահի Կապերի վարչության հաղորդագրության մեջ։

Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի կողմից իրականացվող հետազոտություններին ինչպես հումանիտար շփման խմբի, այնպես էլ տարհանման ու մարդասիրական օգնության հարցերում։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Ուկրաինային եւ Ռուսաստանին կոչ է անում «գործել ողջախոհությամբ եւ հաշտեցման հիման վրա»։ Նա հավելել է, որ Անկարան «վճռականությամբ եւ անկեղծությամբ կշարունակի ճգնաժամը հաղթահարելու եւ խաղաղություն հաստատելու իր ջանքերը»։