Ակնհայտ է, որ իշխանությունը Ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը դրդելու է ապօրինի միջոցներով գործողություններ իրականացնել ընդդիմության եւ խաղաղ անհնազանդության դուրս եկած մարդկանց նկատմամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության այն հայտարարությունները, որոնցում ասվում էր, որ երկրում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ։
«Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը եթե այդքան շատ են մտածում մեր երկրի անվտանգության մասին, երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է Կառավարության շենքում։ Իրեն պետական դավաճանության հոդվածով կարող են ձերբակալել, երկրին մեծ օգուտ տված կլինեն․ դրանից հետո երկիր չենք կորցնի, կլինի խաղաղություն եւ կայունություն։ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության եւ Նիկոլի կողմից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ բոլոր ճնշումների դեպքում էլ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է մնան իրենց լիազորությունների շրջանակում եւ չկատարեն անօրինական հրամանները։
«Նիկոլն ամեն բան անելու է, որ այս ուժերին մասնակիցը դարձնի իրենց անօրինակություններին։ Հասկանում եմ, որ շատ են ճնշելու, բայց իրենք թող մասը չդառնան այդ սադրանքին հանուն իրենց ուսադիրների։ Իրենք չպետք է դառնան Նիկոլի եւ Նիկոլին սպասարկող խունտայի ձեռքի գործիք։ Եթե կգնան այդ ճանապարհով եւ կկիսեն այդ պատասխանատվությունը, հետագայում պատասխան կտան»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Ազգային ժողովի փոխխոսնակը ուժային այս երկու մարմիններին խորհուրդ տվեց զբաղվել սադրիչ այն խմբերով, որոնք բռնության կոչեր են անում ընդդիմության եւ ընդդիմության պայքարին մասնակցող քաղաքացիների հասցեին։
«Շատ հետաքրքիր է Նիկոլին սպասարկող եւ օտարածին միջոցներով սնվողների վայնասունը, թե ինչու Ոստիկանությունը ու ԱԱԾ-ն ինչու չեն կոտորում ընդդիմությանը։ Մենք ունենք բազմաթիվ տեղեկություններ, որ կան խմբեր, որոնք դիմելու են սադրանքների, փորձելու են մեզ ներկայացնել որպես խմբավորումներ, բայց ամեն ինչ արդեն վերջացած է, եւ չեն անցնելու այդ սադրանքները»,- հավելեց Սաղաթելյանը։











