Նոյեմբերի 9-ից հետո ես միշտ ասել եմ եւ ասելու եմ. Նիկոլ, դու կապիտուլյանտ ես, դու դավաճան ես: Մենք շատ թանկ ենք վճարել այն բանի համար, որ հասկանանք այդ պարզ ճշմարտությունը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման խոշոր հանրահավաքի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Մենք շատ քիչ ժամանակ ունենք Նիկոլին վռնդելու համար: Մենք բոլորս վաղուց արդեն պայքարում ենք միեւնույն գաղափարի համար՝ հանուն Հայաստանի ու Արցախի: Նրանք, ովքեր օկուպացրել են մեր երկիրը եւ ծնկի են եկել թուրքերի առաջ, կպատասխանեն օրենքի ողջ խստությամբ:
Ես չեմ այս ամենն ասում, դա պնդում է ողջ հայ ժողովուրդը: Ես պարզապես խորհրդարանից դեմքիդ ասել եմ մեր ժողովրդի խոսքը: Եվ եթե դու այդպես վախեցել ես ինձնանից, պատկերացրեք ժողովուրդ, թե ինչպես է նա դողում, երբ տեսնում է ձեզ: Մեր Հայաստանը, ինչպես երբեւէ, ձեր յուրաքանչյուրի կարիքն ունի, քանի որ մեզանից հիմա փորձում են խլել մեր երկիրը: Մենք միասին չպետք է դա թույլ տանք:
Իսկ ինչպե՞ս ենք մենք հասել այս վիճակին: Ինչպե՞ս ենք թույլ տվել ինչ-որ մեկին մեր զոհերին հաշվել «պլյուս-մինուս 50»-ի մակարդակով: Հայաստանում միայն երկու բան կա, որ նման չափանիշով է հաշվարկվում՝ Նիկոլ ուսապարկերն ու նրա գրպանային օլիգարխները: Ինչպե՞ս ենք թույլ տվել, որ ինչ-որ մեկն ասի, որ տարբերություն չկա, թե ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացուն Բաքվի բանտում: Հնարավորինս շուտ պետք է ազատվենք այդ դավաճաններից:
Պետական ապարատի աշխատակիցներ, ձեր աշխատանքը տվյալ պահին այստեղ է, այս հրապարակում: Իրավապահ համակարգի աշխատակիցներ, եթե իրականում իրավունքն ու բարոյականությունը ձեզ համար կարեւոր են, ապա ապացուցեք դա ձեր վարքով՝ այստեղ եւ հիմա: Այն, ինչ դուք կարող եք ապացուցել այստեղ եւ այսօր, վաղը խոսքով հնարավոր չի լինի ուղղել»,- ասել է Աննա Մկրտչյանը:











