Արդեն 10 եվրոպական երկիր, այդ թվում եւ Հունգարիան, հաշիվներ են բացել ռուսական բանկում, որպեսզի բնական գազի համար վճարեն Մոսկվայի առաջարկած մեխանիզմով, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի գրանսենյակի ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ Հունգարիան գումարը փոխանցում է եվրոյով, իսկ ռուբլու այն վերածում է ֆինանսական կազմակերպությունը: Նա մեկնաբանել է, որ մյուս երկրները թաքցնում են իրենց գործողությունները, քանի որ Եվրոպայում այժմ «լավը լինել» նշանակում է ստել սեփական ժողովրդին եւ ողջ աշխարհին:

Պաշտոնյան հիշեցրել է, որ ԵՄ-ն որեւէ պատժամիջոց չի սահմանել, որն արգելում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը: Այդ գործընթացը կարգավորվում է երկրների եւ ընկերությունների միջեւ քաղաքացիական-իրավական պայմանագրերով: