Սահմանադրության 9-րդ հոդվածի (որի համաձայն՝ Ճապոնիան հրաժարվում է բանակ ունենալուց  եւ պատերազմից՝ որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոցից) փոփոխության դեմ հանդես եկող ճապոնացիների թիվը մեկ տարվա ընթացքում չի փոխվել, չնայած աշխարհում լարվածության աճին, ներառյալ իրավիճակն Ուկրաինայում եւ Թայվանի շուրջ։

Կիոդո գործակալության իրականացրած հարցման համաձայն՝ հարցվածների 50 տոկոսը պատասխանել է, որ անհրաժեշտ է լրացումներ կատարել սահմանադրությունում, որպեսզի դրանում արձանագրվի ինքնապաշտպանության ուժերի կարգավիճակը։ Հարցվածների 48 տոկոսը, սակայն, դեմ է հանդես եկել։ Անցած տարվա համեմատ՝ հարաբերակցությունը գրեթե չի փոխվել. այն ժամանակ հիմնական օրենքի փոփոխության օգտին հանդես էր եկել հարցվածների 51, դեմ՝ 45 տոկոսը։

Ընդ որում՝ հարցվածների 76 տոկոսի կարծիքով՝ Ճապոնիան հետպատերազմյան ամբողջ շրջանում չի մասնակցել զինված հակամարտություններին՝ սահմանադրության 9-րդ հոդվածի շնորհիվ։ Դա 9 տոկոսային կետով ավելին է, քան անցած տարվա հարցման արդյունքների պարագայում էր։

Չնայած մեկ տարում միջազգային լարվածությունն ավելացել է, միայն 29 տոկոսի կարծիքով է, որ դա կարող է սահմանադրությունը փոխելու հիմք ծառայել, 70 տոկոսն այդպես չի կարծում։

Հարցումն իրականացվել է փոստով, մարտի 1-ից մինչեւ ապրիլի 11-ը, 18 տարեկանից բարձր 3 հազար հարցվողների շրջանում։ Հարցերին պատասխանել է հարցման ենթարկվածների 65 տոկոսը։