Օգոստոսի 2-ին եւ 3-ին Գյումրիի Շտապբուժօգնության մեքենայով Գյումրիի Սամարիթեր հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդ աղջիկներ՝ երկուսն էլ նախնական տվյալներով փորձել են ինքնասպանություն գործել:
Նրանցից մեկը 22 տարեկան է, մյուսը 20: Հասկանալի պատճառներով աղջիկների անունները բժիշկները գաղտնի են պահում: Աղջիկներից մեկը դեղորայքի շատ մեծ չափաբաժին է ընդունել: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Բժիշկները անգամ դժվարանում են ասել հնարավո՞ր է փրկել նրա կյանքը, թե` ոչ:
Մյուսը թունավորվել է դեռեւս չպարզված թունաքիմիկատից: Նրա մոտ թույնի չափաբաժինն անհամեմատ քիչ է եղել ու բուժօգնություն ստանալուց եւ վիճակը կարգավորվելուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Հարկ է նշել, որ ինքնասպանության փորձերը վերջին շրջանում հաճախակիացել են Շիրակի մարզում: Այս մասին հաստատում է նաեւ Սամարիթեր հիվանդանոցի տնօերն Ռաֆայել Խաչատրյանը:




























