Եվրահանձնաժողովը կարող է Հունգարիային եւ Սլովակիային ազատել ռուսական նավթի գնման էմբարգոյից, հայտարարել են ԵՄ երկու ներկայացուցիչներ։
Սպասվում է, որ երեքշաբթի Հանձնաժողովը կավարտի Ռուսաստանի դեմ ԵՄ հաջորդ՝ վեցերորդ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքը, որոնք ռուսական նավթի գնման արգելք կներառեն, հաղորդում է Reuters-ը։
Հունգարիան, որը մեծապես կախված է ռուսական նավթից, բազմիցս հայտարարել է, որ էներգետիկայի հետ կապված պատժամիջոցները չի ստորագրի: Սլովակիան նաեւ ԵՄ այն երկրներից է, որն ամենից շատ է կախված ռուսական հանածո վառելիքից:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԵՄ-ն միասնական պահելու համար Հանձնաժողովը կարող է «բացառում կամ երկար անցումային շրջան» առաջարկել Սլովակիային եւ Հունգարիային:
Նավթի էմբարգոն, ամենայն հավանականությամբ, աստիճանաբար կգործարկիժվի եւ ուժի մեջ կմտնի միայն հաջորդ տարվա սկզբին: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Սլովակիան եւ Հունգարիան, որոնք գտնվում են «Դրուժբա» խողովակաշարի հարավային երթուղու վրա, որը ռուսական նավթը Եվրոպա է հասցնում, հատկապես են կախված նավթից՝ Ռուսաստանից ստանալով հում նավթի եւ նավթամթերքի ներմուծման համապատասխանաբար 96 եւ 58 տոկոսը:
Գերմանիան՝ ԵՄ-ի ռուսական նավթի ամենամեծ գնորդը, վերջին օրերին հայտարարել էր, որ կարող է հաղթահարել նավթի էմբարգոն:
2021 թվականին Գերմանիան իր հում նավթի 35 տոկոսը ներմուծել է Ռուսաստանից՝ օրական 555.000 բարելով, սակայն վերջին շաբաթների ընթացքում այն կրճատել է մինչեւ 12 տոկոս, ասվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության՝ կիրակի օրը հրապարակված էներգետիկ անվտանգության թարմացման մեջ։ «Բավարար անցումային շրջանով նավթի էմբարգոն այժմ կարելի էր վերահսկել Գերմանիայում գների աճի դեպքում», - ասվում է զեկույցում:
ԵՄ պատժամիջոցների փաթեթը պետք է ԵՄ կառավարության դեսպաններին ներկայացվի չորեքշաբթի օրը։




























