Հանքային, գազային եւ նավթային ոլորտում մասնագիտացած «International Minerals & Mines Limited» կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի մեր երկրում ներդրումների իրականացմանը: Այսպիսի հույս է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր` օգոստոսի 3-ին, կազմակերպության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, որի ժամանակ քննարկել են ՀՀ-ում հանքահումքային ոլորտում իրականացվելիք ծրագրերին առնչվող մանրամասներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության եւ «International Minerals & Mines Limited» կազմակերպության միջեւ:ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է` սահմանել կողմերից պահանջվող այն քայլերը, որոնք ուղղված են ձեռնարկության կողմից այրվող թերթաքարերի պաշարների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչը ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կապահովի անհրաժեշտ պայմաններ` այս պաշարներն առեւտրային հիմունքներով վերջնականորեն մշակելու համար: Հուշագիրն ստորագրել են` հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ «International Minerals & Mines Limited» ընկերության կողմից`ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչը:

Նշենք, որ «IMM Energy Limited» կազմակերպությունն ունի ամբողջապես սուբսիդավորվող  ձեռնարկություններ` «IMM Energy Georgia» եւ «IMM Energy Armenia», որոնք գործում են Թբիլիսիում: Երեւանում ձեռնարկությունը պատրաստվում է հիմնել «IMM Energy Armenia»-ի կենտրոնակայանը: Հայաստանում «IMM Energy Limited» կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է` վերհանել համապատասխան ներդրումային կապիտալը,  ինչպես նաեւ ամբողջությամբ հետազոտել եւ մշակել մեր երկրի տարածքում գոյություն ունեցող այրվող թերթաքարերի պաշարները: