Իրանը եւ Թուրքիան, որպես իսլամական երկրներ, պետք է ակտիվացնեն պաղեստինցի ժողովրդի վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու իրենց ջանքերը՝ օգտագործելով տարբեր միջազգային հնարավորություններ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, գրում է Mehr-ը։
Ռայիսին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի երկրների, առաջին հերթին՝ Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների էական ամրապնդմանը։
Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձություններն անընդունելի համարելով՝ Ռայիսին ասել է. «Մեզ, որպես իսլամական երկրի, անհրաժեշտ է ակտիվացնել մեր ջանքերը՝ միջազգային տարբեր հնարավորությունների միջոցով վերջ դնելու պաղեստինյան ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի անմարդկային հարձակումներին»։
Իր հերթին Էրդողանը հայտարարել է Թեհրան այցելելու պատրաստակամության մասին։ «Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային եւ միջազգային իրադարձությունների շուրջ քննարկումների եւ կարծիքների փոխանակման, ինչպես նաեւ երկկողմ եւ միջազգային հարաբերությունների զարգացման համար համակարգման մեջ, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման հարցում»,- նշել է նա։




























