Ամեն տարի մայիսի 3-ին նշվող Ազատության համաշխարհային օրվան ընդառաջ ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանում լրագրողների եւ իրավապաշտպանների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ վեհաժողովի բանաձեւ ընդունելու նախաձեռնությամբ։ Բելգիացի խորհրդարանական Քրիստոֆ Լակրուայի նախաձեռնությանը աջակցել են ԵԽԽՎ եւս 37 անդամներ՝ 24 երկրներից, հայտնում է Turan-ը։
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է Ադրբեջանում բռնության աճով, անհանդուրժողականությամբ եւ ադրբեջանցի լրագրողների, բլոգերների ու իրավապաշտպանների նկատմամբ շարունակվող սպառնալիքներով»,- ասվում է պատգամավորների ստորագրած միջնորդության մեջ։
2022 թվականի փետրվարի 22-ին իր տանը սպանվել է լրագրող եւ իրավապաշտպան, հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ Ավազ Շիհմամեդովը (ստեղծագործական կեղծանունը՝ Ավազ Հաֆիզլի)։ Նրա կյանքի պաշտպանության բազմաթիվ խնդրանքներն անտեսվել են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից, ասվում է փաստաթղթում։
2022 թվականի ապրիլի 23-ին հայտնի բլոգեր եւ իրավապաշտպան, խղճի նախկին բանտարկյալ Բախտիար Հաջիեւը առեւանգվել էր դիմակավորված անձանց կողմից, որոնք խոշտանգել եւ անմարդկային վերաբերմունքի էին ենթարկել նրան։ Նրանք բլոգերին պատվիրել էին հեռացնել իր քննադատական գրառումները։ Հաջիեւին ազատ էին արձակել՝ նախազգուշացնելով, որ եթե քննադատությունը շարունակվի, նրան ֆիզիկական հաշվեհարդար է սպասվում։
Վերջին երկու ամսվա ընթացքում բազմաթիվ հետաքննող լրագրողներ նախազգուշացումներ են ստացել Ադրբեջանի անվտանգության ուժերի ներկայացուցիչներից՝ պահանջելով դադարեցնել հակակոռուպցիոն հետաքննությունը պետական պաշտոնյաների դեմ։ «Հակառակ դեպքում լրագրողներին սպառնացել են սպանությամբ եւ առողջական լուրջ խնդիրներով, որոնք նման կլինեն դժբախտ պատահարների կամ թունավորման։ Այս սպառնալիքներից հետո լրագրողներից ոմանք ստիպված են եղել հայտարարել հակակոռուպցիոն հետաքննությունների դադարեցման մասին, իսկ ոմանք դեռ որոշել են շարունակել իրենց աշխատանքը»,- ասվում է փաստաթղթում։
Խորհրդարանական վեհաժողովը պետք է ուշադիր քննարկի եւ ուսումնասիրի սպանությունների եւ մահափորձերի դեպքերը, ադրբեջանցի լրագրողների, բլոգերների եւ իրավապաշտպանների կյանքին ու ազատությանը սպառնացող շարունակական սպառնալիքները, որոնք շարունակում են աշխատել երկրում եւ արտասահմանում, եւ համապարփակ զեկույց պատրաստի այս խնդրի վերաբերյալ, նշում են խնդրագրի հեղինակները։
Վեհաժողովը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ երաշխավորել լրագրողների եւ իրավապաշտպանների անվտանգությունը՝ թույլ տալով նրանց անարգել շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը:
Ինչպես Turan-ին պարզաբանել է Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը, որը տեղեկացվել է այս փաստաթղթի պատրաստման գործընթացին, 38 պատգամավորների դիմումը կքննարկվի մայիսի կեսերին մշտական հանձնաժողովի եւ ԵԽԽՎ բյուրոյի կողմից։





























