Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակը Վահան Հունանյանը։

Արարատ Միրզոյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասված է. «Շատ արդյունավետ հանդիպում։ Ուրախ եմ վերադառնալ Վաշինգտոն և վերահաստատել ԱՄՆ-ի հետ մեր ամուր գործընկերությունը: Վերջին 3 տասնամյակի ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ը զարգացրել են արդյունավետ համագործակցություն՝ խարսխված ժողովրդավարության, Մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»։

Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով գտնվում է  Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Վաշինգտոնում Արարատ Միրզոյանն արդեն հանդիպել է USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։