Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը էներգետիկ ոլորտի զարգացման գործում։ Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Քաղաքացիական միջուկային ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագրի (NCMOU) ստորագրման արարողության ժամանակ ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Միրզոյանը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանն ու ԱՄՆ-ը նշում են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այս տարիների ընթացքում հաջողվել է կառուցել շատ ամուր հարաբերություններ՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ընդհանուր ու առանձին արժեքների վրա:
«Այժմ՝ 2018 թվականի ժողովրդավարական Թավշյա հեղափոխությունից հետո, համատեղ ջանքերով մենք մեր փոխգործակցության, համագործակցության մակարդակը հասցրել ենք Ռազմավարական երկխոսության։ Եվ շատ կարեւոր է, որ ես այստեղ եմ Ռազմավարական երկխոսության նստաշրջանի շրջանակներում։ Եվ այս նստաշրջանի ընթացքում մենք կենտրոնացել ենք մեր ժողովրդավարական բարեփոխումների, բանկային համագործակցության, պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման ուղիների որոնման եւ, իհարկե, կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ու շատ այլ ոլորտների վրա։ Եվ մենք բարձր ենք գնահատում մեր բարեփոխումներին աջակցելու Միացյալ Նահանգների ջանքերը։
Հայաստանը բարձր է գնահատում նաեւ Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման գործում։ Ես խոսեցի նաեւ նոր ոլորտներ ուսումնասիրելու մասին, եւ ինձ համար պատիվ է մեր քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ ձեզ հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելը:
Ուզում եմ նաեւ նշել, որ մենք գնահատում ենք մեր գործընկերությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, եւ այս առումով ուզում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարեւոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու միջազգային մանդատ ունի։
Բարձր եմ գնահատում նաեւ Միացյալ Նահանգների աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ Միացյալ Նահանգների վճռական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առնչությամբ եւ այս տարի նույնպես այս դիրքորոշման հաստատումը»,- նշել է Միրզոյանը։




























