Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 70 քաղաքացի:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ այսօր առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները Երեւանում: Բազմթիվ փողոցներ են փակվել: Ոստիկանությունն ուժ կիրառելով բացում է փողոցները եւ բերման ենթարկում քաղաքացիներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:

Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

Նշենք նաև, որ երեկ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր: