Իշխանությունը բազմիցս երկխոսության առաջարկ է արել ընդդիմությանը։ Ըստ ամենայնի, ընդդիմությունն ըստ էության ասելիք չունի։ Այս մասին մայիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ հանրահավաքներն իրենց գործն ու իրավունքն են։ Սակայն, եթե նրանք իրենց թույլ են տալիս ագրեսիա, ապա դրան չի կարելի լավ վերաբերվել։ «Այնուամենայնիվ, ներքաղաքական լուրջ լարվածություն չկա»,-ընդգծեց Սիմոնյանը։

Նա նշեց, որ իշխանությունը բազմիցս ասել է, որ պատրաստ է համագործակցել։

«Բայց նրանք մերժում են նման հանդիպումները, միգուցե, այն պատճառով, որ ասելիք չունեն։ Երբ ընդդիմությունն ասում է, որ իրենք փողոց են դուրս եկել Ղարաբաղը փրկելու համար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս են այն հզորացնելու։ Ի՞նչ են նրանք առաջարկում անել դրա համար եւ ի՞նչ են արել ժամանակին։ Եթե ​​ասում են, որ Փաշինյանը չպետք է բանակցի, ապա հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞վ պետք է բանակցի։ Եթե ասում են, որ պետք է բանակցի ​​Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը կամ մեկ ուրիշը, ապա այլ հարց է առաջանում՝ ինչի՞ հիման վրա»,-ասաց Ալեն Սիմոնյանը։