Դատավորների նկատմամբ կարգապահական մեխանիզմը կասեցնելու հրամանը չկատարելու համար Լեհաստանի նկատմամբ կիրառվող օրական տուգանքները ներկայումս կազմում են ավելի քան 160 միլիոն եվրո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը, փոխանցում է Reuters-ը։

ԵՄ-ն եւ Լեհաստանը տարիներ շարունակ հակասություններ են ունեցել երկրում ժողովրդավարական չափանիշների պահպանման եւ իշխանությունների տարանջատման հետ կապված հարցերի շուրջ:

Անցյալ տարի ԵՄ Գերագույն դատարանը Լեհաստանին տուգանել էր օրական մեկ միլիոն եվրոյով, որպեսզի կանխի այն, ինչը նա անվանել է «լուրջ եւ անուղղելի վնաս» ԵՄ իրավակարգին եւ արժեքներին: Եվրահանձնաժողովը պահանջել է պատժել այնքան ժամանակ, քանի դեռ Վարշավան Լեհաստանի Գերագույն դատարանի աշխատանքը բարելավելու եւ նոր օրենքները կասեցնելու քայլեր չի ձեռնարկել։ Դրանք, ենթադրաբար, խաթարում են դատական համակարգի անկախությունը:

«Եվ այժմ մեր տուգանքի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 160 միլիոն եվրո՝ մինչեւ Լեհաստանում հնարավոր դրական էվոլյուցիան»,- ասել է Արդարադատության եվրոպական հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լեհաստանի կառավարությունը դեռ հրաժարվում է վճարել։

Հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օրենքի գերակայության վերաբերյալ լուրջ մտահոգությունները պահպանվում են՝ չնայած վեճի հիմքում գտնվող իրավական պալատը՝ այսպես կոչված՝ Գերագույն դատարանի կարգապահական պալատը լուծարելու նախագահ Անջեյ Դուդայի պլաններին:

Պալատն իրավունք ունի պաշտոնանկ անել այն դատավորներին, որոնց որոշումները չեն գոհացնում իշխանություններին։

Դուդան առաջարկել է փոփոխություններ կատարել Գերագույն դատարանի մասին օրենքում եւ փակել վիճելի պալատը։ Նա ասել է, որ իր առաջարկն ուղղված է նրան, որ օգնի Լեհաստանին դադարեցնել հակամարտությունը Եվրահանձնաժողովի հետ:

Վերջին տարիներին Լեհաստանի կառավարությունը բազմիցս վեճեր է ունեցել ԵՄ-ի հետ, որը հայտարարում է, որ Վարշավայի կողմից լեհական արդարադատության համակարգում կատարված փոփոխությունները խաթարում են ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքները: