Իշխանություններն ամեն ինչ լավ էլ նկատում են, պարզապես փորձում են իրենք իրենց համոզել, որ ամեն ինչ նորմալ է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ է: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը, հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն. «Ինչքան էլ ուզում են մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական, ազգային շարժում է։ Փաշինյանը  չի կարող երկու անգամ նույն գետը մտնել։  Նա մի անգամ ժողովրդին խաբել է, երկրորդ անգամ խաբել չի ստացվի։ Նա պետք է  հեռանա»։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա կուսակցական շարժում չէ, թեև կան կուսակցություններ, քաղաքական գործիչներ, բայց սա Հայաստանի լինել-չլինելու խնդիր է։

«Մենք պետք է դուրս վռնդենք  կապիտուլյանտների շայկային, որոնք մեր 30-ամյա հաղթանակները  սարքեցին  պարտություն, որոնք պատերամզ բերեցին, Նիկոլն ինքը պատերազմի  խորհրդանիշ է, ինքը բերել է պատերազմ։ 5000 երեխու մահվան, զոհաբերության  գլխավոր մեղավորն ու պատճառն է, ինքն է դա խոստովանել։ Ինքը Շուշին ու Հադրութը տվել է,  Հայաստանը տալիս է, մնում է որ ի՞նչ անի։ Դա չեմ հասկանում։ Չի ուզում կամավոր գնալ, ուրեմն ժողովուրդը  պետք է խաղաղ անհնազանդության ակցիաներով ցույց տա այդ մարդուն ու իր խունտային, որ իրենք անելիք չունեն, պետք է գնան»,- ասաց քաղաքական գործիչը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։  Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։