Այս ընդդիմությունը միշտ փախել է ճշմարտությունից: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իշխող կուսակցության պատգամավորները գիտեն, թե ինչ բացահայտումներ է պատրաստվում անել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Ի դեպ, դա կառավարության ղեկավարն այդպես էլ չարեց։
«Այս ընդդիմությունը միշտ փախել է ճշմարտությունից, եւ երեկվա միջադեպը բացառություն չէր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ կասի իր խոսքը՝ նայելով ընդդիմության աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը եւ հաշտվեն դրա հետ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ երբ ժամանակը գա, վարչապետը կասի այն, ինչ պատրաստվում էր ասել, բայց՝ ընդդիմության ներկայությամբ. «Եթե, իհարկե, նրանք էլի չփախնեն»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը:





























