Մեզ համար անկլավների հարցի լուծման հնարավոր տարբերակն այն է, որպեսզի Հայաստանի անկլավները մնան Ադրբեջանին, իսկ ադրբեջանական անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, մնան Հայաստանին։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ անկլավների հարցը մինչեւ այժմ չի բարձրացվել, երկու կողմերը լռում են։ «Երկու կողմերում կան անկլավներ. թե՛ Ադրբեջանի տարածքում կա անկլավ (Արծվաշենը), թե՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ։ Այդ տարածքների մակերեսը գրեթե նույնն է»,- ավելացրել է Գրիգորյանը։

Նա ընդդիմության պնդումներն այն մասին, որ եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա առաջ կգա անկլավների հարցը, անվանել է անհասկանալի՝ ասելով, որ ընդդիմությունը շարունակում է հանդես գալ չհիմնավորված հայտարարություններով, որոնք իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։