Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Սոֆիայում մասնակցել է «Էներգետիկ անցում Հարավարեւելյան Եվրոպայում. տարածաշրջանային համագործակցություն էներգետիկ անվտանգության, դիվերսիֆիկացում եւ անցում դեպի կանաչ էներգիա» թեմայով նախարարական կլոր սեղանին։
Ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ՝ նախարարը ուշադրություն է հրավիրել Եվրամիության հետ էներգետիկ երկխոսության վրա այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնի հանդիպումից հետո, հայտնում է APA-ն։
Նա նշել է, որ «Հարավային գազային միջանցքը» կարճ ժամանակում ապացուցել է իր ռազմավարական նշանակությունը՝ էներգետիկ ճգնաժամի ժամանակ եվրոպացի սպառողներին ապահովելով անխափան եւ շահավետ բնական գազով, եւ Ադրբեջանը հաստատակամ է շարունակել էներգակիրների հուսալի մատակարարի դերը։ Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Եվրոպա է մատակարարվել 3,5 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ՝ 3,1 միլիարդ խորանարդ մետր՝ Իտալիա, 0,3 միլիարդ խորանարդ մետր՝ Հունաստան եւ 0,1 միլիարդ խորանարդ մետր՝ Բուլղարիա։ Նա խոսել է նաեւ ածխաթթվացման եւ կանաչ էներգիային անցնելու Ադրբեջանի ծրագրերի եւ ընթացիկ նախագծերի մասին։ «Բնական գազի հսկայական պաշարների հետ մեկտեղ, մեր վերականգնվող էներգետիկայի ներուժը մեծ հնարավորություններ է ստեղծել Եվրամիության հետ առաջադեմ էներգետիկ երկխոսության հետագա զարգացման համար»,-ասել է ադրբեջանցի նախարարը։





























