Հայաստանի իշխանությունները փորձում են ձեռքերը լվանալ Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամ, Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

Պատգամավորը նշել է, որ Արցախն այս պահին ունի իր անվտանգությունը երաշխավորող երեք բաղադրիչ։ Առաջինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն է՝ իր ռեզերվով, նաեւ կամավորների՝ խաղաղ բնակչության կազմից։

«Կնշեի նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որքան էլ պաշտոնական Երեւանը փորձի խուսափել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու իր ուղղակի պարտավորություններից։ Սակայն այս դեպքում պետք է տարանջատել իշխանությունն ու պետությունը։ Այո, Հայաստանի իշխանությունները ցանկանում են եւ փորձում են ձեռքերը լվանալ՝ ֆիքսելով շեղում իրենց բուն պարտավորություններից»,- ընդգծեց Իշխանյանը։

Այդուհանդերձ, ըստ ընդդիմադրի, Հայաստանը, որպես իրավաբանական անձ, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը։

Պատգամավորը նշել է, որ Արցախի անվտանգության երրորդ բաղադրիչը ռուսական խաղաղապահ զորախումբն է։ Այն, ըստ Դաշնակցության ներկայացուցչի, հաշվի առնելով առկա իրողությունները, այսօր Ղարաբաղի եւ նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորն է։