«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած ընդդիմության երթը փակեց Հերացի փողոցի հանդիպակաց հատվածը:
Նա հայտարարեց. «Այսօր տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ելել են փողոց, որ ասեն՝ այս երկրի ղեկավարը դավաճանեց մեր հերոս տղերքին: Նիկոլն ասում է՝ կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի: Զոհ էր ուզում, դրա համար այս դավաճանը պետք է հեռանա»:
Այնուհետեւ Գեղամ Մանուկյանը դիմեց ոստիկաններին. «Պարոնայք ոստիկաններ, անցնող ամիսներին եղել են իրար հետ բախումներ, տարբեր վեճեր, բայց մենք միշտ ասել ենք՝ ոստիկանը Նիկոլ չի: Կարմիր եւ սեւ բերետավորները իրենց օրինապահ կեցվածքով միայն կարող են ապացուցել, որ Նիկոլ չեն: Նրանք մեզ համար շարունակում են մնալ Նիկոլ, որովհետեւ ծառայում են միայն Նիկոլին, օրենքն են ոտնահարում»:
Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։











