Կառավարությունը մշակել է տասնյակ ծրագրեր, որոնց նպատակը սփյուռքահայ երիտասարդներին հայրենիքին կապելն է: Այս մասին այսօր` օգոստոսի 4-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կառավարության նիստից հետո հանդիպել է Սփյուռքի նախարարության «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն իր խոսքում ասել է, որ կառավարությունն առաջնահերթ է համարում տարբեր միջոցառումների կազմակերպումը` նվիրված հայոց լեզվին, գրականությանը, եկեղեցու պատմությանը, որոնց շրջանակներում էլ սփյուռքահայ  ուսուցիչները հրավիրվում են Հայաստան` վերապատրաստում անցնելու նպատակով:

Նա տեղեկացրել է, որ բացվել են տարբեր կայքէջեր, որոնք հնարավորություն են տալիս օն-լայն ռեժիմով սփյուռքահայության ներկայացուցիչների հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նրա խոսքով` ընթացքի մեջ են նաեւ երիտասարդների սոցիալական, կենցաղային խնդիրների լուծմանն ուղված ծրագրերը: «Մասնավորապես, Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է երիտասարդներին հիփոթեքային վարկերի տրամադրման ծրագիրը, որով պետությունն է սուբսիդավորում վարկային տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար հիփոթեքային վարկերը հասանելի լինեն: Ծրագիրը բավական մեծ հաջողությամբ է իրականացվում, ընդ որում, նախապատվությունը տրվում է սահմանամերձ շրջանների երիտասարդներին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Խոսելով հայրենադարձության վերաբերյալ` վարչապետն ընդգծել է, որ  կառավարությունը մշակել եւ հավանության է արժանացրել հայրենադարձության մասին օրենքի նախագիծը: «Օրենքի նպատակն է` ցույց տալ սփյուռքահայերին, որ պետությունը նրանց համար իրականացնելու է հստակ միջոցառումներ, եթե նրանք ցանկություն ունենան վերադառնալ հայրենիք, ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր հայրենակիցներն ունենան հնարավորություն` արագ տեմպերով հարմարվելու Հայաստանի պայմաներին` սկսած լեզվի իմացությունից ավարտած կենցաղային խնդիրներով»,- նշել է վարչապետը:

Նշենք, որ «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրին մասնակցում է առաջնորդական հմտություններով օժտված, համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված 21-30 տարեկան սփյուռքահայ 24 երիտասարդ 10 երկրից` ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Էստոնիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, ԱՄԷ եւ Սիրիա: Ծրագրի նպատակն է` հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքի հետ, ծանոթացնել ՀՀ պետական կառավարման համակարգին, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, ազգային մշակույթին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության ներկայացուցիչների հետ, մշակել հետագա համագործակցության ուղիներ: