«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 7 ռեակտիվ արկ են արձակել Տաջիկստանի զինված ուժերի տեղակայման ուղղությամբ, հաղորդում է SITE Intelligence Group-ը, որը հետեւում է ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումների ակտիվությանը համացանցում: Տաջիկստանի սահմանային ծառայությունից հաստատել են հարձակման մասին տեղեկությունը, փոխանցում է «Սպուտնիկ Տաջիկստանը»:
SITE Intelligence Group-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կուլյաբ քաղաքի մոտակայքում: Նշվում է, որ արկերի արձակման համակարգը տեղակայված է եղել մեքենայի վրա:
«Զինծառայողները տեսել են մեքենան, որում ահաբեկիչներ են եղել: Ավտոմեքենան այրվել է, երեք չարագործ վիրավորում են ստացել, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր»,- հայտնել է «Սպուտնիկ Տաջիկստանի» աղբյուրը: Նրա խոսքով՝ չորս արկ ընկել է Ամուդարյա գետը, եւս երեքը՝ մոտակա անտառում: Միեւնույն ժամանակ գործակալության զրուցակցի խոսքով՝ միջադեպը «լուրջ չէ, եւ բնակչությունն անհանգստանալու կարիք չունի»:
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը մասնավորեցրել է, որ արձակումներն իրականացվել են Աֆղանստանի հյուսիսում տնվող Թախար նահանգից:





























