Աբովյանից Երեւան եւ հակառակը ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղային որոշ գծերի չաշխատելը Երեւանի քաղաքապետարանի անկազմակերպ աշխատանքի հետեւանք է:

Այս մասին այսօր` օգոստոսի 4-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

«Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի մի քիչ անկազմակերպ աշխատանք եղավ, որովհետեւ այդ բոլորի մասին պետք էր նախապես պայմանավորվել:

Բայց ինչ-որ տեղ պետք էր կտրուկ արվեր, որը կատարվեց քաղաքապետարանի կողմից», - նշեց նախարարը` հավելելով, որ ներկայումս իրենք աշխատում են հարցին լուծում տալու համար:

«Երթուղային նոր ցանցը մշակվում է Երեւանի քաղաքապետի պատվերով: Երբ որ Երեւանի քաղաքապետարանում կմշակեն, կուղարկեն, կնայենք` հստակ կկողմնորոշվենք»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ  մի քանի օր է, որ չեն գործում Աբովյան-Երեւան ուղերթի 261, 262, 267 համարների երթուղայինները եւ մայրաքաղաքում աշխատող աբովյանցիները ստիպված են 3-4 տրանսպորտ փոխել` վճարելով կրկնակի գումար եւ նախկին 40 րոպեի փոխարեն Երեւան հասնել 2 ժամում: