Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանը մայիսի 10-11-ը կայցելի Երեւան՝ տնտեսական համագործակցության հայ-իրանական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, հայտնում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն առեւտրի եւ փոխհատուցման, ներդրումների, տարանցման եւ տրանսպորտի, էներգետիկայի, նավթի եւ գազի, ֆինանսների հետ կապված հարցեր։

Հանձնաժողովի շրջանակներում երկու երկրների մասնավոր հատվածի ակտիվիստների մասնակցությամբ առեւտրային համաժողով տեղի կունենա:

Մեհրաբիանը հայ պաշտոնյաների հետ կքննարկի նաեւ երկու երկրների զարգացող հարաբերություններն ու ապրանքաշրջանառության ծավալները։

Մեհրաբիանին Երեւան այցի ընթացքում կուղեկցեն Իրանի նավթի փոխնախարարը, Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրենը, ավտոճանապարհների փոխնախարարը եւ մի շարք այլ պաշտոնյաներ։

Իրան-Հայաստան Համատեղ առեւտրային պալատի նախագահը վերջերս հայտարարել էր, որ անցյալ տարի Իրանի՝ Հայաստան արտահանումն էականորեն աճել է՝ հավելելով, որ Եվրասիական տնտեսական միության հետ առեւտրային համաձայնագիրը եւս կարեւոր եւ արդյունավետ դեր է խաղացել Իրանի առեւտրային հարաբերությունների զարգացման գործում։