Իրանը Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումն անընդունելի է համարում. դա խնդիրներ կառաջացնի Իրանի ժողովրդի եւ տարածաշրջանի համար։ Այս մասին Իրանի խորհրդարանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Թուրքիայի կողմից Տիգրիսի, Եփրատի եւ Արաքսի վրա ընդարձակ ամբարտակների կառուցման եւ դեպի Իրան ջրի հոսքի վրա դրա ազդեցության մասին հարցին ի պատասխան, գրում է Mehr-ը։

«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող բնապահպանական պայմանները՝ մեզ համար անընդունելի է, որ մեր հարեւան երկիրը՝ Թուրքիան, ամբարտակաշինության ոլորտում այնպիսի միջոցներ ձեռնարկի, որոնք խնդիրներ կստեղծեն մեր բնակչության համար երկրում եւ տարածաշրջանում, ինչպես նաեւ բացասաբար կանդրադառնան ջրի ներհոսքի ծավալի վրա»,- ասել է նա։

«Վերջին ութ ամսվա ընթացքում հարցը բարձրացվել է առնվազն երեք անգամ՝ Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարարի հետ երկու հանդիպումների, ինչպես նաեւ նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ,- հավելել է նա։- Չնայած  ավելի վաղ Թեհրանի եւ Անկարայի միջեւ ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր չկար՝ 4 ամիս առաջ մենք Թուրքիայի կառավարությանը խնդրեցինք ջրային ռեսուրսների հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել, որպեսզի կարողանանք լուծել խնդիրները։ Պետք է այնպես անել, որպեսզի Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումը բացասաբար չանդրադառնա Իրանի ջրամատակարարման վրա։ Թուրք պաշտոնյաները մինչ այժմ մեզ հավաստիացրել են, որ ամբարտակների կառուցումն իրականացվում է հիմնականում լեռնային շրջաններում՝ հիդրոէլեկտրակայանների օգտագործման համար։

Անդրադառնալով արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարությունների փորձագիտական ​​պատվիրակության այցին Թուրքիա՝ նախարարը հավելել է. «Առաջիկայում նախատեսվում է թուրքական պատվիրակության այցն Իրան՝ այս հարցի քննարկման համար, եւ այս կապակցությամբ երկու երկրների միջեւ անհրաժեշտ իրավական, քաղաքական եւ դիվանագիտական ​​միջոցներ են ձեռնարկվել»։