Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի գործունեության շրջանակներում խորհրդի անդամ «ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության կողմից բարձրաձայնվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ, համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, Պաշտպանը դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանի և տեղական ինքնակառավարման մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N 20-Ն որոշումը, որի համաձայն 2021 կամ 2022 թվականների համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից ազատվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` ամբողջությամբ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` 50 տոկոսի չափով:

Պաշտպանը ողջունում է Ստեփանակերտ քաղաքի ավագանու որոշումը, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավմանը, և կոչ անում Արցախի Հանրապետության մյուս համայնքների ինքնակառավարման մարմիններին ևս դիտարկել հաշմանադամություն ունեցող անձանց համար նմանօրինակ արտոնություններ սահմանելու հնարավորությունը։