Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսի վերջին կայցելի Իսրայել այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը քայլեր է ձեռնարկել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գործունեությունը զսպելու համար։

Իսրայելի արտգործնախարարության քաղաքական տնօրեն Ալոն Բարը գտնվում է Թուրքիայում, որպեսզի պլանավորի թուրք պաշտոնյաների մայիսի 26-ի այցը, հաղորդում է Jerusalem Post-ը:

Չավուշօղլուի այցը պլանավորվել էր մարտին Թուրքիա Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի այցից հետո։ Սակայն իսրայելցի պաշտոնյաները հայտարարելեն, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պետք չէ շտապել, եւ գործընթացը պետք է փուլերով անցկացնել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի առանցքային երկրների հետ, ինչպիսիք են Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան, որպեսզի վերջ դնի Թուրքիայի տարածաշրջանային մեկուսացմանը:

Հարաբերությունների վերականգնման գլխավոր խոչընդոտը Էրդողանի վճռական աջակցությունն էր ՀԱՄԱՍ-ին, որին Իսրայելը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն։ Էրդողանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ թույլ տվել խմբին գրասենյակներ բացել Թուրքիայում:

Թուրքիան խստացրել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների եւ ակտիվիստների նկատմամբ սահմանափակումները՝ արտաքսելով տասնյակներին եւ արգելելով մյուսների մուտքը երկիր, հաղորդում է The New Arab-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Իսրայելի եւ այլ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու Էրդողանի ջանքերը ձեռնարկվում են Թուրքիայում տնտեսական խնդիրների ժամանակ, երբ լիրան կորցրել է իր արժեքի 44 տոկոսը անցյալ տարի, եւ 2023 թվականի հունիսին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի դեմ Թուրքիայի «կամայական» միջոցները ցույց են տալիս, որ նա զոհաբերում է իր հարաբերությունները խմբավորման հետ, որպեսզի «աշխուժացնի իր ներքին տնտեսությունը»: «Շարժման անդամները բախվում են թուրքական իշխանությունների կողմից ավելի ու ավելի կոշտ սահմանափակումների՝ նրանցից ոմանց որոշակի ժամկետով Թուրքիայում մնալու թույլտվության դիմաց»,- ասել է աղբյուրներից մեկը։