Վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ռազմական դրության ժամանակ հավաքների եւ կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ կառավարության կողմից դրված սահմանափակումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Վահե Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը Իմ, Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա ոչ իրավաչափ ճանաչեց կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի` ռազմական դրություն հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ և 4-րդ գլխի 9.1 կետերն, այսինքն ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ կառավարության կողմից դրված սահմանափակումները:

Եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո այս հիմքերից որևէ  մեկով տուգանված անձինք ազատ են պահանջելու փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրենց հասցված վնասը:

Շնորհակալություն»։