Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի եւ Ղազախստանի դիրքորոշումները համընկնում են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետական ​​այցով Թուրքիայում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Ուկրաինայում։ Մենք համաձայն ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակում»,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Ղազախստանը մտադիր են կրկնապատկել երկու երկրների միջեւ տարեկան առեւտրաշրջանառությունը՝ մինչեւ 10 մլրդ դոլար։ Նա նշել է, որ անցյալ տարի երկկողմ առեւտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 58 տոկոսով։

Էրդողանը նաեւ ասել է, որ թուրքական իշխանությունները կշարունակեն խրախուսել տեղական ընկերություններին՝ ներդրումներ կատարել Ղազախստանի տնտեսության մեջ։

Ղազախստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են 15 փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը նշել է այն համաձայնագրերի եւ հուշագրերի կարեւորությունը։

Տոկաեւը Թուրքիային անվանել է շատ կարեւոր ռազմավարական գործընկեր եւ Էրդողանին հրավիրել Ղազախստան։