Ռուսաստանի Օրենբուրգի շրջանային դատարանում օգոստոսի 4-ին հրապարակվել է Ռաշիդ Խաչատրյանի դատավճիռը:
Բազմաթիվ աղբյուրներ Խաչատրյանին անվանում են «օրենքով գող», իսկ հետաքննության արդյունքների համաձայն` նա երկար տարիներ ղեկավարել է Օրենբուրգի հանցաաշխարհը:
Դատավարությունը սկզբում բաց էր հայտարարվել, բայց դատավարությունից րոպեներ առաջ նախագահող Վիկտոր Ժուկովը արգելել է դահլիճում տեսախցիկների առկայությունը: Դատապարտյալները պայման են դրել, որ չեն մտնելու դահլիճ, եթե այնտեղ անգամ մեկ տեսախցիկ լինի, հաղորդում է «Վեստին»:
Դատապարտյալի աթոռին հայտնվեցին հանցագործ խմբի բոլոր ղեկավարները: Նրանք են «օրենքով գող» 44-ամյա Ռաշիդ Խաչատրյանը եւ նրա չորս, այսպես կոչված, «նայողները»: 1997 թ. նրանք ակտիվ գործունեություն են ծավալել ոչ միայն Օրենբուրգի շրջանում, նաեւ Բուզուլուկում, Սորոչինսկում, Տոցկում:
Սերտ կապեր են ունեցել Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Կազանի հանցագործ խմբավորումների հետ: Կազմակերպության անդամները մեղադրվում են ծանր եւ խիստ ծանր հանցագործությունների մեջ, ինչպիսիք են խաբեբայությունը, սպանությունը, շորթումը, գողությունը, թմրանյութերի եւ զենքի վաճառքը: Դատավճիռով նրանք մեղավոր են ճանաչվել, բայց պատժի ստույգ ժամկետները դատարանը կորոշի մոտակա օրերիս:
Անկախ դերակատարումից նրան բոլորն էլ մեղավոր են կատարված հանցագործությունների մեջ` նախատեսված Ռուսաստանի Քրեական օրենսգրքի «հանցագործ խմբավորման ստեղծում», «հասարակությունից մեկուսացում ապահովող կառուցների գործունեության կազմալուծում», «խմբավորման կողմից կազմակերծված շորթում», «կազմակերպված խմբավորման իրականացրած առանձնակի դաժանությամբ սպանություն» հոդվածներով եւ այլ հանցագործությունների համար, հաղորդում է Ռուսաստանի Օրեբուրգ շրջանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:




























