Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը երկուշաբթի խորհրդարանական դեբատներ է հրավիրել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ, փոխանցում է Reuters-ը։

Սպասվում է, որ առաջիկա օրերին Շվեդիան եւ հարեւան Ֆինլանդիան կորոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։

Շվեդ սոցիալ-դեմոկրատներն իրենց որոշման մասին պետք է հայտարարեն կիրակի օրը։ Նրանց աջակցությունը վճռորոշ է համարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

«Շատ կարեւոր է, որպեսզի կառավարությունը եւ խորհրդարանական կուսակցությունները քննարկեն անվտանգության քաղաքականության հիմնական փոփոխությունները, որոնք իր հետ բերում է ռուսական ագրեսիան»,- հայտարարել են կառավարությունում։

Եթե ​​սոցիալ-դեմոկրատները կողմ արտահայտվեն անդամակցությանը, ինչպես շատերն են ակնկալում, ձախ կենտրոնամետ փոքրամասնության կառավարությունը կարող է խորհրդարանում քվեարկություն հրավիրել հայտի վերաբերյալ, բայց դա պարտադիր չէ:

Եթե ​​Շվեդիան հայտ ներկայացնի եւ վավերացվի ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների կողմից, շվեդական ռիկսդագը պետք է հաստատի այն քվեարկության միջոցով, թեեւ դա, ամենայն հավանականությամբ, ձեւականություն կլինի՝ հաշվի առնելով ակնկալվող լայն աջակցությունը խորհրդարանում: