Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը եւ Արարատ Միրզոյանը Դուշանբեում, ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստի շրջանակում եռակողմ հանդիպում կանցկացնեն։

«Այսօր իսկ այստեղ մեր հայ գործընկեր [Արարատ Միրզոյանի] հետ եռակողմ հանդիպում ունենալու լավ հնարավորություն ունենք՝ տեսնելու, թե ինչպես են կատարվում երեք եռակողմ հայտարարությունները, որոնք ընդունվել են  մեր նախագահների կողմից վերջին մեկուկես տարում»,- ասել է Լավրովը Բայրամովի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Լավրովն ընդգծել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում այն պահին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակի։ «Իրավիճակը քննելու, նախագահների առաջադրած կոնկրետ խնդիրների կատարմանն անդրադառնալու ցանկացած հնարավորություն բավական արժեքավոր է։ Ցանկանում եմ նաեւ ասել, որ մենք այս տարի նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, շատ գունեղ, վառ միջոցառումների մի ամբողջ շարք է պատրաստվում, առաջիկայում պետք է հրատարակման պատրաստվի ռուս-ադրբեջանական փաստաթղթերի ժողովածուն»,- նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը նշել է նաեւ Մոսկվայի եւ Բաքվի տնտեսական փոխգործակցության մասին։ «Երկու շաբաթ առաջ Բաքվում հերթական նիստն էր, մեզ թվում է, որ այն բավական օգտակար էր մեր ղեկավարների բոլոր լուծումների ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Հույս ունենք, որ տարվա երկրորդ կեսին կհաջողվի կազմակերպել հերթական միջտարածաշրջանային համաժողովը, որը ժամանակին նախաձեռնել էր [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիեւը, եւ մեզ մոտ այդ ժամանակվանից 70 տարածաշրջան մասնակցում է միջոցառումներին, որոնք կազմակերպվում են այդ համաժողովի շրջանակում»,- ավելացրել է նա։