Դուշանբեում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, փոխանցում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Հանդիպումը կայացել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում։

«Այսօր այստեղ լավ հնարավորություն ունենք մեր հայ գործընկերոջ հետ եռակողմ հանդիպում անցկացնելու համար, տեսնելու, թե ինչպես են իրականացվում երեք եռակողմ հայտարարությունները, որոնք ընդունվել են մեր նախագահների կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում»,- ասել է Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ:

Լավրովն ընդգծել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակական նոր մակարդակի են հասել՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակի։ «Ցանկացած հնարավորություն՝ վերանայելու իրավիճակը, տեսնելու, թե ինչպես են իրականացվում նախագահների կողմից առաջադրված կոնկրետ խնդիրները, շատ, շատ արժեքավոր է։ Ցանկանում եմ նշել նաեւ, որ այս տարի մենք նշում ենք դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը, պատրաստվում են մի շարք շատ գունեղ, վառ միջոցառումներ, եւ առաջիկայում պետք է տպագրության համար նախապատրաստենք ռուս-ադրբեջանական փաստաթղթերի ժողովածուն»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաեւ Մոսկվայի եւ Բաքվի տնտեսական համագործակցությունը։ «Երկու շաբաթ առաջ Բաքվում հերթական նիստն էր: Կարծում ենք, որ այն շատ ու շատ օգտակար էր՝ մեր ղեկավարների բոլոր որոշումների ուղղությամբ շարժվելու համար։ Ակնկալում ենք, որ տարվա երկրորդ կիսամյակում հնարավոր կլինի կազմակերպել հաջորդ միջտարածաշրջանային համաժողովը, որը ժամանակին նախաձեռնել էր նախագահ Ալիեւը, եւ մեզ մոտ դրանից հետո 70 մարզ է մասնակցում այդ ֆորումի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,- հավելել է նա: