«Օրիգամին ոչ միայն հնագույն արվեստ է, այլ իր տեսակով թերապիա, որն ընդունվում է ժամանակակից բժշկության կողմից»,-պատմում է  «Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

«Խիկարի» (ճապոներեն` «Լույս») կենտրոնը ստեղծվել է երեք տարի առաջ, հիմնական ուղղությունը երեխաներին ճապոնական օրիգամի արվեստի ուսուցումն է:

Ներկայումս կենտրոնում մոտ 40 երեխա է սովորում, որոնցից ամենակրտսերը 4 տարեկան է: Ճապոնիայում օրիգամի արվեստի ուսուցանումն սկսում են 3 տարեկանից:  Փոքրիկ արվեստասերների աշխատանքի արդյունքները ներկայացվել էին  հունիսի 17-ին Երեւանում բացված ցուցահանդեսին, ինչի մասին NEWS.am-ը տեղեկացրել է: Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը` մոտ  185 հազար դրամ, փոխանցվել է Ճապոնիայի դեսպանատանը` որպես օժանդակություն  ճապոնական երկրաշարժի  գոտում որեւէ մանկական հաստատության կառուցման:

Սակայն «Խիկարի» կենտրոնի ղեկավարը նշում է  Հայաստսնի համապատասխան մարմինների բավական անտարբեր վերաբերմունքը. «Ցուցահանդեսը տեղի ունեցավ քաղաքապետարանում, բայց տեղական իշխանությունների ներկայցուցիչները որեւէ հետաքրքրություն չցուցաբերեցին դրա նկատմամբ»

Ներկայումս «Խիկարին»  տեղակայված է Գեղարվեստի ազգային կենտրոնում: Փիլիպոսյանի խոսքով` եթե կենտրոնն ավելի մեծ տարածք ունենա,  իր գործունեությունը կկարողանա ընդլայնել` կբացեն նաեւ լեզվի, ճապոնական կերամիկայի  խմբեր. «Եթե մեր մտահղացումները հաջողվի իրագործել, սա կդառնա Ճապոնիայի մի կտոր Երեւանում»: