Նախկինում Հայաստանի գործող իշխանություններն ասում էին «Արցախը Հայաստան է, եւ վերջ», իսկ հիմա՝ «Արցախը Ադրբեջան է, եւ վերջ»։ Ուստի մենք պետք է հասնենք նրանց հեռանալուն, եւ վերջ։ Այս մասին մայիսի 12-ին Երեւանում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի դավաճան իշխանությունների գործողությունների հետեւանքով Ադրբեջանը մտավ Հայաստանի Սյունիքի մարզ եւ գրավեց Սեւ լիճը։ «Հայաստանի ներկայիս իշխանությունները պղծեցին նաեւ այս օրը՝ հայտարարելով հետեւյալը. «Ինչ է լճի 30 տոկոսի համար պետք է բախումնե՞րի գնայինք»։ Սա է ներկայիս իշխանության դեմքը, որն ի պատասխան թշնամու ներխուժումների՝ հայտարարում է, որ այս կամ այն հողը հայկական չէ»,- նշեց փոխխոսնակը։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը հանցագործություն է կատարում նաեւ նրանով, որ փորձում է պատերազմում կրած պարտության մեղքը բարդել ժողովրդի ու բանակի վրա։ «Այս պատերազմում հայ ժողովուրդն ու հայոց բանակը չեն պարտվել, պարտվել են Նիկոլն ու նրա խմբավորումը։
Նիկոլը պարտության խորհրդանիշ է։ Այդ պատճառով մեր երկիրը չեն հարգում ոչ մեր թշնամիները, ոչ մեր գործընկերները։ Իշխանությունները կորցրել են մեր դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի վստահությունը։ Նիկոլը Բրյուսելում մի բան է ասում, Մոսկվայում՝ ուրիշ բան, Իրանում՝ երրորդ բան։ Այս մարդը տապալել է բոլոր ոլորտները, շարունակում է մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի «սրտի վարչապետը», նա ձեռնտու է միայն նրանց։ Մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը մայիսի 12-ը մեզ համար հաղթանակի տոն էր, եւ մենք կվերականգնենք այդ հաղթանակի օրը»,- ընդգծեց Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները 4 տարում պետական պարտքը ավելացրել են 4 միլիարդ դոլարով, որը ոչ թե օգտագործվել է երկրի զարգացման համար, այլ յուրացվել է, եւ նրանց գնալուց հետո ամեն ինչ կբացահայտվի։ «Իշխանությունները խոստացան ժողովրդավարություն, բայց բերեցին բռնապետություն։ Բոլորը տեսնում են, թե ինչ են անում համայնքների ընտրված ղեկավարների հետ, տեսնում են ոստիկանների գործողություններն այս օրերին։
Նրանք սեր էին խոստանում, բայց պառակտում բերեցին։ Դեսպաններն ու միջազգային կազմակերպությունները իրենց լռությամբ նպաստում են գործող ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտմանը։ Կոչ եմ անում երկակի ստանդարտներ չկիրառել եւ հստակ գնահատական տալ։ Հայաստանում այլեւս ժողովրդավարություն չկա, այլ կա բռնապետություն, որը մենք շուտով կվերացնենք»,- եզրափակեց ընդդիմադիր գործիչը։





























