Մայիսի 26-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից տարբեր ժամկետների են դատապարտվել 5 կալանավորվածներ:

Դատախազության տվյալներով, մեղադրանք էր առաջադրվել յոթ մարդու, այդ թվում` Բուրջանաձեի օգնական Իվանե Չիգվինաձեին եւ նրա «Ժողովրդական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության անդամ Շաքրի Զուրաշվիլիին: ՆԳՆ տվյալներով, նրանք վարել են ամենագնացները, որոնք բողոքի ցույցը ցրելու գիշերը մահացու վրաերթի են ենթարկել մի ոստիկանի եւ ցույցի մի մասնակցի:

Զուրաշվիլիի եւ Չիգվինաձեի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, իսկ մյուս հինգն ընդունել են մեղքը եւ գնացել գործարքի: Ըստ այդմ, Ամիրան Մերեբաշվիլին դատապարտվել է 4 տարվա, Ալեքսանդր Բիբիլուրին` 8, Նիկոլոզ Զաուտաշվիլին` 8, Կոբա Կոբաուրին` 3, Իլյա Զիվզիվաձեն` 2 տարվա ազատազրկման:

Մայիսի 26-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում ջրցանների, արցունքաբեր գազի, ռետինե միջոցների եւ մահակների կիրառմամբ ցրվել էր Նինո Բուրջանաձեի «Ժողովրդական ժողովի» կազմակերպած բողոքի ակցիան: տուժել էին տասնյակ մարդիկ, ձերբակալվել էր 105 մարդ: Նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ: