Օգոստոսի 4-ին հայ գործարարը հանցանքի խոստովանություն է արել Բրանսուիքի իր բժշկական ընկերության եւ երկու այլ նահանգներում ֆիկտիվ հիվանդանոցների միջոցով բազմամիլիոնանոց «Medicare» խարդախության քողարկման համար: Այդ մասին գրում է «The Florida Times-Union»-ը:
49-ամյա Արթուր Մանասարյանն իրեն մեղավոր է ճանաչել առողջապահության ոլորտում խարդախության եւ անձնական տվյալների գողության համար: 2007-2008 թվականներին այդ տվյալներն օգտագործվել են «Brunswick Medical Supply Inc.» միջոցով:
Թեեւ Մանասարյանն ընդունել է մեղքը, սակայն «Brunswick Medical»-ի եւ Սավանայում, Նյու Մեքսիկոյում, Կալիֆորնիայում այլ 8 հիմնարկությունների միջոցով «Medicare»-ին 7,5 միլիոն դոլարից մինչեւ 20 միլիոն դոլարի կեղծ ապահովագրական պահանջագրեր ներկայացնելու վերաբերյալ ոչ մի բացատրություն չի տվել:
«Brunswick»-ի գործով երկու համաամբաստանյալների հետ դատարանի առջեւ կանգնելուց 10 օր առաջ Մանասարյանը համաձայնեց կառավարական գործարքի եւ ընդունեց մեղքը:
Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում հանցավոր համաձայնության եւ 2 տարվա ազատազրկում անձնական տվյալների գողության համար: Երկու հանցագործությունների համար էլ նախատեսված է նաեւ 250 հազար դոլար տուգանք:
Այդ երկու հանցագործություննեի խոստովանման եւ հետագա համագործակցության, մյուսների դեմ վկայություններ տալու դիմաց կառավարությունը Մանասարյանին ազատել է ութ այլ մեղադրանքներից:
Երկու համաամբաստանյալներ, 44-ամյա Սահակ Թումանյանն ու նրա կինը` 39-ամյա Հասմիկ Թումանյանը օգոստոսի 15-ին Բրանսուիքում փողերի լվացման նպատակով հանցավոր համաձայնության մեղադրանքով կկանգնեն դատարանի առաջ:
Թումանյանները Լոս Անջելեսի շրջանում ունեցել են առնվազն 4 ֆիկտիվ ընկերություններ, որոնք փողերի լվացման սխեմայի մասն են եղել: Այս զույգի դատավարությունը կտեւի երկու շաբաթից ոչ քիչ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ կես միլիոն դոլարի տուգանք:
Լոս Անջելեսում բնակվող Մանասարյանն ու Թումանյանները այն 73 ամբաստանյալներից են, որոնք ներգրավված են եղել «Medicare» համակարգով 163 միլիոն դոլարի կեղծ ապահովագրական պահանջագիր փոխանցած համազգային կազմակերպված հանցավոր խմբավորման մեջ:
Մանասարյանը դատավոր Վուդին պատմել է, որ մինչեւ 1990 թվականին ԱՄՆ-ը ներգաղթելը, Հայաստանում սովորել է քոլեջում եւ ծառայել է բանակում: ԱՄՆ քաղաքացիություն ստացած Մանասարյանը նախքան բժշկական ապահովագրությամբ զբաղվելը աշխատել է պահեստում, եղել է բեռնատարի վարորդ:




























