Գերմանական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի կինը բողոք է ներկայացրել ժանդարմերիա, որտեղ հայտնել է, որ իրեն բազմիցս ծեծել է իր թուրք բոյֆրենդը: Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:
49-ամյա Սեմա Նուր Դյոնդյուն այս շաբաթասկզբին ցուցմունք է տվել Անկարայի Թուրքուվազի ժանդարմերիայի գարնիզոնի վարչությունում, հայտնելով, որ իրեն մի քանի անգամ ծեծել է իր ընկեր Հաքան Էրդողանը:

Դատախազությունը Էրդողանին կալանավորելու սանկցիա է տվել:

Դյոնդյուն, ով իր ձեռքի վրա Քեմար Աթաթուրքի պատկերով տատու է արել, տեղափոխվել է սկզբում Անթալիա, ապա` Անկարա` Թուրքիայի քաղաքացիություն եւ անուն ստանալու նպատակով:

2010-ին նա սկսել է չաթով շփվել դպրոցի գիշերային պահակ Էրդողանի հետ: Նրանք ընկերացել են, ապա որոշել են միասին ապրել, սակայն որոշ ժամանակ անց Դյոնդյուն սկսել է պնդել, որ Էրդողանն սկսել է իրեն շատ կոպիտ պահել ամեն մի վեճից հետո:

Էրդողանի նկատմամբ հետաքննություն է սկսվել, սակայն շուտով Դյոնդյուն ներել է նրան, երբ նա ներողություն է խնդրել իր արարքների համար:
Սակայն ընդամենը մի քանի օրից զույգը կրկին սկսել է կռվել, երբ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է միայնակ գնալ Մարմարիս` հանգստանալու:
Վեճը սրվել է եւ Էրդողանը բռունցքներով հարվածել է ընկերուհուն: Այդ հարվածներից հետո, դա Էրդողանի մոտ սովորություն է դարձել: Ի վերջո, գերմանուհին որոշել է բողոքել ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ թուրքական «Մենք կդադարեցնենք կանանց սպանությունները» ՀԿ-ի տվյալներով, այդ երկրում միայն 2011-ի առաջին 6 ամիսների ընթացքում տղամարդկանց ձեռքով շուրջ 130 կին է սպանվել: