Չինաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի պատրաստակամության համատեքստում բոլոր կողմերը կհետեւեն անվտանգության անբաժանելիության սկզբունքին եւ կհարգեն միմյանց օրինաչափ մտահոգությունները, երկուշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը կհետեւեն անվտանգության անբաժանելիության սկզբունքին, եւ միմյանց օրինաչափ մտահոգությունների հարգման հիման վրա երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով կկառուցեն տարածաշրջանային անվտանգության հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն կառույց»,- ասել է դիվանագետը։
Նա նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը «նոր գործոններ» կբերի Պեկինի եւ Հելսինկիի հարաբերություններին, որոնք միշտ բարեկամական են եղել։
Անցած կիրակի օրը Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին՝ նշելով, որ Շվեդիան հայտի հավանության արժանանալու դեպքում հանդես կգա իր տարածքում միջուկային զենքի եւ ռազմակայանների տեղակայման դեմ։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դրականորեն կանդրադառնա երկրի եւ շվեդ ժողովրդի անվտանգության վրա։ Կիրակի օրը Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է մտնել Հյուսիսատլանտյան դաշինք։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է հայտ-նամակ ՆԱՏՕ-ին, նախատեսվում է այն ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ։





























