Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովում կքննարկվեն տարածաշրջանային սպառնալիքները, այդ թվում` ահաբեկչական  խմբավորումների ներխուժման սպառնալիքը: Ինչպես հաղորդում է «Վեստին», ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի  հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀԱՊԿ-ին մտահոգում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մարտահրավերները:

«ՀԱՊԿ երկրների  երիտասարդության  մի զգալի մասը պատրաստվում է Աֆղանստանի տարածքի ճամբարներում: Առկա է ահաբեկչական խմբավորումների ներխուժման վտանգ ասիական տարածաշրջանի պետությունների տարածք»,-հայտարարել է նա: Այլ սպառնալիքների շարքում Բորդյուժան նշել է արմատական իսլամիստական կազմակերպությունների ակտիվությունն անմիջապես ՀԱՊԿ երկրներում:

Որպես առաջիկա քննարկման թեմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է նաեւ որոշ պետությունների օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը: Բորդյուժայի խոսքով` հանդիպման նախապատրաստման շրջանակում ուսումնասիրվել է իրավիճակը Ղրղըզստանում, Տաջիկստանում, Բելառուսում եւ Հայաստանում:

ՀԱՊԿ գագաթաժողովը կանցկացվի օգոստոսի 12-13-ին` Ղազախստանում: ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բալառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ռուսաստանը: