Բջջային կապի ռուսախոս օգտվողների իրավունքները «ոտնահարվել» են:

Ինչպես հայտնի է, ռուսերենով SMS հաղորդագրություն ուղարկելը գրեթե կրկնակի թանկ արժե, քան դրա լատինատառ տարբերակը, քանզի ռուսատառ հաղորդագրությունը 70 նշան է պարունակում, իսկ լատինատառը` 160, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հակամենաշնորհային ծառայությունը, որին բողոքով դիմել են վրդովված օգտվողները, խոստովանել է, որ մեղավորը ոչ թե բջջային օպերատորներն են, այլ հաղորդագրության կոդավորման համաշխարհային ընդունված չափորոշիչները:

«SMS-ը կրճատում է նշանների քանակը, բայց երաշխավորում է , որ ռուսատառ SMS-ները կընթերցվեն աշխարհի ցանկացած հեռախոսոսով»,-հայտնել է Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրտազինը իր Twitter-ում:

Տարբեր լեզուների համար տարբեր գաղտնագրեր են օգտագործվում: Այսպես, անգլիական այբուբենի պարագայում անհրաժեշտ է յոթ բիթանոց կոդավորում, այդ պատճառով մեկ  SMS-ը 160 նիշ է պարունակում, ֆրանսիական, գերմանական այբուբենները` ութ բիթանոց կոդավորում, ուստի այստեղ SMS-ը 140 նիշ ունի, մնացած լեզուները, այդ թվում ռուսերենը` 16 բիթանոց, այսինքն SMS-ը 70 նիշ ունի:

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ծրագրում է «պարզաբանել եւ տեսնել»` արդյոք հնարավո՞ր է ինչ-որ ձեւով ազդել հեռախոսների արտադրությամբ զբաղվողների վրա կամ երաշխավորել նրանց կոդավորման այլ մեթոդների կիրառում:

Ռուսատառ SMS հաղորդագրությունների կոդավորման հետ կապված հարցերի պարզաբանման հնարավոր ժամկետները` Դաշնային հակամոնապոլիստական ծառայությունը տրանսպորտի եւ կապի վերահսկող վարչության ղեկավար Դմիտրի Ռուտենբերգը չի հստակեցրել, նշում է գործակալությունը: