Վրաստանի ղեկավարությունը պատրաստվում է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին հայտարարել է «Իշխանությունը ժողովրդին» շարժման առաջնորդ Իրինա Սարիշվիլին:
Նրա խոսքով` այդ համատեքստում համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելու նպատակով սեպտեմբերի կեսերից լայնամասշտաբ արշավ կսկսվի:
Ըստ Սարիշվիլիի`Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հարցը ռուս-ամերիկյան ծրագրի մի մասն է, եւ դրա իրականացումը նաեւ Սահակաշվիլիի շահերից է բխում, քանի որ այդ պարագայում նա ԱՄՆ-ից Վրաստանի վարչապետի մանդատ կստանա, իսկ Ռուսաստանը կկարողանա կայունություն հաստատել տարածաշրջանում:
«Այս տեղեկությունը հիմնված է շատ կոնկրետ աղբյուրի եւ իրադարձությունների վերլուծության վրա: Այդ մասին տեղյակ են քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, սակայն նրանք, չգիտես ինչու, լռում են»,-նշել է Սարիշվիլին եւ ավելացրել, որ հասարակական կարծիքի ստեղծման նման փորձ արդեն արվել է փորձագետ Մամուկ Արեշիձեի եւ նախկին նախագահ Էդուրադ Շեւարդնաձեի կողմից, երբ վերջիններս բացահայտ պաշտպանեցին այդ գաղափարը, հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Հիշեցնենք, որ մի շարք փորձագետների կարծիքով, նախագահ Սահակաշվիլին Վրաստանում կարող է կրկնել «պուտինյան» մոդելը` դառնալով վարչապետ:
2010թ. նոյեմբերին Սահակաշվիլին ստորագրել էր Վրաստանի սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների մասին օրենքը, ըստ որի նախագահի լիազորությունները կրճատվում են եւ բաշխվում խորհրդարանի ու կառավարության միջեւ:
Վրացական ընդդիմության կարծիքով` նոր փոփոխություններով Սահակաշվիլին մանեւրի հող է նախապատրաստում` վարչապետ դառնալու եւ «պուտինյան մանեւրը» կրկնելու համար:




























