«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Շոր-Շորի ջրաղբյուրի սանիտարական գոտին» հուսալիորեն եւ շուրջօրյա ռեժիմով պաշտպանվում են զինված ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից եւ անհանգստանալու կարիք չկա:
Բան այն է, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ Աշտարակին հարակից «Շոր-Շորի» ջրաղբյուրում ձերբակալվել է Իրանի մի քաղաքացի, որի գոտկատեղի հատվածում հայտնաբերվել են առանձին տոպրակների մեջ լցված տարբեր գույնի փոշիներ:
«Հաշվի առնելով, որ նշված վայրից ջուր է մատակարարվում նաեւ Երեւանի որոշ թաղամասերի եւ նման հրապարակումները կարող են սպառողների շրջանում խմելու ջրի որակի հետ կապված անհանգստություն առաջացնել, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ «Շոր-Շորի ջրաղբյուրի սանիտարական գոտին», ինչպես նաեւ մայրաքաղաքը սնուցող բոլոր մյուս ջրաղբյուրների սանիտարական գոտիները հուսալիորեն եւ շուրջօրյա ռեժիմով պաշտպանվում են զինված ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից, ինչը բացառում է կողմնակի անձանց մուտքը ջրաղբյուրներ, հետեւաբար` երաշխավորում մայրաքաղաքին մատակարարվող ջրի բարձր որակը:
«Երեւան Ջուր» ընկերությունը կոչ է անում լրատվամիջոցներին նմանատիպ լուրերին մոտենալ որոշակի վերապահումներով, հրապարակումները պատրաստելիս ցուցաբերել հասկանալի զգուշավորություն, հնարավորինս ճշգրտել տեղեկատվությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ` հասարակության մեջ անհիմն եւ անհարկի լուրեր տարածելուց զերծ մնալու համար»,- ասված է «Երեւան Ջուր» ընկերության հաղորդագրության մեջ:




























