Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հուսով է, որ Թեհրանում ԱՄՆ քաղաքացիների դատաքննության արդյունքում նրանք ազատ կարձակվեն: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նա չի հստակեցրել` դատարանն արդարացնելո՞ւ է մեղադրյալներին, թե՞ նրանց նկատմամբ պայմանական ազատազրկում կկիրառվի:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԱՄՆ երեք քաղաքացիներ` Շեյն Բաուերը, Սառա Շուրդը եւ Ջոշուա Ֆետելը ձերբակալվել էին 2009թ. հուլիսի 31-ին` Իրանի եւ Իրաքի սահմանին: Իրանական կողմը նրանց մեղադրել էր սահմանի ապօրինի հատման եւ լրտեսության մեջ: Ձերբակալվածների վարկածով` իրենք սահմանը հատել էին պատահաբար` հարեւան Իրաքի տեսարժան վայրերը դիտելիս: Նրանք ունեցել էին Իրաքի եւ Սիրիայի մուտքի թույլտվություն, սակայն ոչ Իրանի:
Նրանց գործով դատական լսումներն ավարտվել են այս շաբաթ: Դատավճիռը կկայացվի առաջիկա օրերի ընթացքում:




























