Հայաստանում առաջին անգամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ախտորոշմամբ հիվանդ հայտնաբերվել է 1988թ.-ին: Արդեն հաջորդ տարի Հայաստանում ստեղծվեց Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որը Հայաստանի բնակչության շրջանում իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում եւ մոնիթորինգ:

1988թ. մինչեւ 2011թ. հուլիսի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1082 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցին հաղորդեց Հայաստանի Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ, ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն քանակը արձանագրվել է 2009թ.-ի ընթացքում` 149 դեպք, 2010թ.-ի ընթացքում` 148 դեպք:

Է. Հովհաննիսյանի խոսքով` 1988թ.-ից մինչ 2011թ. հուլիսի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 253 դեպք: Մահացածների թվում կան 42 կին եւ 5 երեխա:

Ըստ բժիշկ-համաճարակաբանի` ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է արձանագրվող դեպքերի թվի աճ: ՄԻԱՎ վարակի գրանցված բոլոր դեպքերի կեսը եւ ՁԻԱՀ-ի դեպքերի մեծամասնությունը արձանագրվել են վերջին 4 տարիների ընթացքում:

«ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ եւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: Արդյունքում աճել է հետազոտությունների թիվը եւ բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը»,-ասաց Է. Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է արձանագրված ՁԻԱՀ-ի դեպքերի թվի աճին,  ապա այն պայմանավորված է   ՁԻԱՀ-ի եւ ՁԻԱՀ-ինդիկատորային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ, ինչպես նաեւ բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով՝ շնորհիվ անցկացված բազմաթիվ դասընթացների եւ սեմինար-վարժանքների:

Բժիշկ- համաճարակաբանը նշեց նաեւ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաեւ այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով եւ հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից` հիմնականում Ռուսաստանից դեպի Հայաստան:

«Ինչպես հայտնի է` ՄԻԱՎ վարակն արմատական բուժում չունի: Հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման նպատակն է երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը եւ բարելավել նրա կյանքի որակը: ՀՌՎ բուժումը սկսվում է տրամադրվել որոշակի ցուցումների դեպքում եւ շարունակվում է ողջ կյանքի ընթացքում:»,-ասաց Է. Հովհաննիսյանը:

Նշենք, որ ՀՌՎ բուժում Հայաստանում տրամադրվում է 2005թ.-ից: 2011թ. հուլիսի 31-ի դրությամբ ՀՌՎ բուժում է ստանում 313 ՄԻԱՎ վարակով հիվանդ:

Տեղեկացնենք, նաեւ որ ՀՀ քաղաքացիների համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունները, ՄԻԱՎ վարակի ախտորոշումը և բուժումը անվճար կատարվում է պետական ֆինանսավորման եւ հիմնականում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիաի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի աջակցության հաշվին:

Լուսինե Մովսիսյան