Նոր գլոբալ ռեզերվային արժույթի մասին Չինաստանի գաղափարը ճիշտ է ԱՄՆ կրեդիտային վարկանիշի անկման լույսի ներքո, սակայն տվյալ պահին դոլարը մնում է կարեւոր արժույթ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այդ մասին օգոստոսի 6 –ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի էկոնոմիկայի նախարար Վինսենթ Քեյբլը:
Նշենք, որ ԱՄՆ խոշորագույն վարկատու Չինաստանը Միացյալ Նահանգներին մեղադրել էր արտաքին փոխառությունների չարաշահման մեջ: ԱՄՆ-ի պարտքային բեռի աճի ֆոնին Պեկինը նոր ռեզերվային արժույթ հաստատելու կոչ էր արել:
«Այդ ուղղությամբ շարժվելը ճիշտ քայլ կլիներ, սակայն սա չի կարելի վայրկենապես անել», -BBC-ին տված հարցազրույցում ասել է Քեյբլը: Նրա խոսքով` թեեւ վերջերս ամերիկացի կոնգրեսականներն ու սենատորները «մեծ աղմուկ էին բարձրացրել» ԱՄՆ պետպարտքի քննարկումների հետ կապված, բայց հիմա պարտքի կառավարման առումով ողջամիտ որոշումներ են կայացվել:



























