Վերջին երկու ամսում  վերականգնվել է իրանական կողմից իրաքյան ինքնավար Քուրդիստան նահանգի գնդակոծումը, զոհվել է երեք մարդ: Քուրդիստանի` Իրանի հետ սահմանակից շրջանների բնակիչները լքում են իրենց տները, հաղորդում է  քրդական Kurdish Globe պարբերականը:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, թե գնդակոծությունը կդադարեցնի միայն այն դեպքում, եթե Քրդական տարածաշրջանային բանակը կամ իրաքյան բանակը երկրից արտաքսեն Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցությանը (PJAK) եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը:

Քրդական տարածաշրջանային բանակն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել Իրանի եւ PJAK-ի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Քրդական աշխատավորական կուսկացության միջեւ հակամարտությանը:

Գերմանիայում բնակվող PJAK ղեկավար Աբդուրահման Ահմեդին  էլ հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է զենքը վայր դնել, եթե Իրանը թույլ տա կուսակցությանը մասնակցել երկրի քաղաքական կյանքին եւ երաշխավորի Իրանում բնակվող նրա անդամների անվտանգությունը: