Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  հայտարարել է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի ուսումնասիրման նպատակով փորձագիտական հանձնաժողովի ստեղծման մասին, հաղորդում է  Reuters-ը:

Ամենայն հավանականությամբ հանձնաժողովը կղեկավարի երկրի ֆինանսների նախարար Յուվալ Ստեյնիցը: Հիշեցնենք, որ նախօրեին Թել Ավիվում եւ երկրի մյուս քաղաքներում սոցիալական բողոքի ակցիայի էր դուրս եկել 250 հազար մարդ. ավելին, քան երբեւէ Իսրայելի պատմության մեջ:

Ինչպես նշում է իսրայելական Haaretz պարբերականը,  հանրահավաքներից անմիջապես հետո Թել Ավիվի քաղաքային իշխանությունները հայտարարել են մատչելի բնակարանաշինության մասին, թեեւ համապատասխան որոշումը կայացվել էր դեռ 5 ամիս առաջ:

Իրայելում գործազրկությունը համեմատաբար ցածր է` ընդամենը  5,7%, սակայն երկրի տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեն բիզնես-կարտելները եւ խորացող սոցիալական բեւեռացումը: Կոալիցիոն կառավարությունը հայտարարել է մատչելի բնակարանաշինության ծավալների ընդլայնման,  ներմուծման միջոցով կաթնամթերքի գների նավազեցման  եւ բժշկական ոլորտում նոր աշխատատեղերի բացման մասին: